вторник, 14 ноября 2017 г.

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Գործունեությունը

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է։
Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը։
Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։
  • Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում
  • Շչերբատովի տունը Մոսկվայում
  • Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը
  • Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի, Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։
Երևանում նրա նախագծով կառուցվել են՝
  • աստղադիտարանը
  • անատոմիկումը
  • անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը
  • հանրային գրադարանը
  • Կառավարության տունը
  • Օպերայի և բալետի թատրոնը
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի, երկրորդը՝ թատրոնի շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։
Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործաբար օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։
Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։
Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։
Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։
Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով, շինարարական տեխնիկումը, Հայաստանի ճարտարապետների միության տունը , թանգարան-ինստիտուտը, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։
2001 թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։
ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։
Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։

Комментариев нет:

Отправить комментарий